Այսօր` ժամը 14.20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Չաուշի փողոցի թիվ 11 հասցեում տեղակայված «ՎԷԱ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում են գտնվել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ պետական հրդեհային տեսչության աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ գազալցակայանում պայթել է Վ. Սահակյանին պատկանող «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, որի հետեւանքով հարակից կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան վնասվել է:
Ապակու բեկորների հարվածից վարորդ, 40-ամյա Ա. Հարությունյանն աչքի վնասվածքով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել: Պայթյունի հետեւանքով վնասվել են նաեւ BMW մակնիշի եւ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաները:
Նշենք, որ 2012 թ. առ մայիսի 14-ը հանրապետությունում գրանցվել է պայթյունի 13 դեպք (3 դեպքում` տրանսպորտային միջոցներում գազի բալոնի պայթյուն), ինչից տուժել է 172 մարդ:
2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ պայթյունի դեպքերը նվազել են 1-ով, տուժածների քանակը աննախադեպ աճել է (160-ով, 13 անգամ` հրապարակում փուչիկների պայթյունով պայմանավորված), իսկ զոհերի թիվը նվազելէ 3-ով:
Դիտարկվող ժամանակահտվածում 5 դեպք գրանցվել է մայրաքաղաքում, 2-ական՝ Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերում, մեկական Արագածոտնի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերում:




























