Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` մայիսի 14-ին, ընդունել է Կորեայի Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոյանը վստահություն է հայտնել, որ կորեացի խորհրդարանականների այցը նոր խթան կհանդիսանա ինչպես երկու երկրների, այնպես էլ Ազգային ժողովների միջեւ եղած հարաբերությունների զարգացման համար:

Նիկոյանը հիշեցրել է, որ 2009 թվականին ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Հարավային Կորեա, որի ընթացքում ստորագրվել է համագործակցության եւ փոխըմբռնման հուշագիր` նոր ազդակ տալով երկկողմ փոխգործակցության զարգացմանը:

Սամվել Նիկոյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի կառավարությանը, որի աջակցության շնորհիվ հնարավոր եղավ հիմնովին վերանորոգել եւ ժամանակակից սարքավորումներով ապահովել խորհրդարանի նիստերի դահլիճը:

Իր հերթին Կորեայի ԱԺ փոխնախագահ Հոն Ջաե Հյոն նշել է, որ վերջին 20 տարում հայ-կորեական հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրել, ինչն ապագա համագործակցության հեռանկարներին լավատեսորեն նայելու հիմք է տալիս: Հունիսին կնշվի հայ-կորեական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում գործում է կորեական բաժին, ընդլայնվում է համագործակցությունը տնտեսական, մշակութային, այլ ոլորտներում, եւ  Հոն Ջաե Հյոնի խոսքով` խորհրդարանների խնդիրն է ապահովել նպաստավոր օրենսդրական դաշտ: Երկու երկրներում էլ ձեւավորվում են նոր խորհրդարաններ, եւ երկուստեք հույս է հայտնվել, որ կշարունակվեն համագործակցության ստեղծված ուղղությունները:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով` առկա է մեծ ներուժ Հայաստանի եւ Կորեայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար ամենատարբեր` առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում:

Նա նաեւ հույս է հայտնել, որ շահագրգիռ կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի Կորեական թերակղզում հասնել երկարատեւ խաղաղության` պայմաններ ստեղծելով կորեական ժողովրդի երկու հատվածների վերամիավորման համար:

Ներկայացվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմի  դիրքորոշումը:

Կորեայի Ազգային ժողովի պատվիրակության կազմում էր նաեւ պատգամավոր Նահ Յոուն Մին, ով ներկայացրել է իր հեղինակած «Ժամանակակից ողբերգություն» գիրքը: Վերջինիս առաջին գլխում պատմվում է Օսմանյան Թուքիայում իրականացված հայերի ցեղասպանութան մասին, իսկ հեղինակը` ազդված մարդկության պատմության այդ ողբերգական էջից, ամեն տարի ապրիլի 24-ին ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է բոլոր օգտատերերին 20-րդ դարի առաջին եղերագործության մասին: «Ուրախ եմ, որ գտնվում եմ ինձ համար այդքան հոգեհարազատ երկրում եւ հուզվում եմ, որ պիտի այցելեմ Ծիծեռնակաբերդ ու աղոթեմ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի համար»,-նշել է Նահ Յոուն Մին: Նա իր գրքի օրինակ նվիրեց ԱԺ նախագահին:

Կորեայի պատվիրակության անդամները եղել են ԱԺ նիստերի դահլիճում, ծանոթացել հայ գործընկերների աշխատանքների առանձնահատկություններին ու պայմաններին: