Ճապոնիան կառաջարկի Չինաստանին եւ Հարավային Կորեային բանակցություններ սկսել մինչեւ 2012-ի վերջ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ: Այս մասին Պեկինում տեղի ունեցած բանակցություններից հետո հայտարարել է Ճապոնիայի առեւտրի նախարար Յուկիո Էդանոն, հաղորդում RBK-n` վկայակոչելով Reuters-ը:

Նախարարի խոսքով, ճապոնական կողմը հանդես կգա ազատ առեւտրի գոտին մինչեւ տարեվերջ ստեղծելու առաջարկով: «Մենք կարծում ենք, որ մեր գործընկերները (Չինաստան եւ Հարավային Կորեա) կհամաձայնեն մեր առաջարկին»,-ասել է նա, հավելելով, որ Տոկիոն ինտենսիվ տնտեսական համագործակցությունը համարում է իր ազգային ռազմավարության մի մասը, իսկ ազատ առեւտրի գոտու ստեղծումը` առաջնահերթ խնդիր: 

Փորձագետների գնահատմամբ, բանակցությունների հաջող ավարտի եւ ազատ, հարկերից զերծ առեւտրի գոտի ստեղծելու դեպքում, Չինաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 2,9, Ճապոնիայինը` 0,5, իսկ Հարավային Կորեայինը` 3,1 տոկոսով: