Ինդոնեզիայում ռուսական Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի աղետի վայրում առավոտվանից վերսկսվել են որոնողական գործողությունները:
Բացի փրկարարներից` որոնումներին մասնակցում են բանակային եւ ոստիկանական հատուկ նշանակման խմբեր, ինչպես նաեւ Ժայռագնացների ինդոնեզական ֆեդերացիայի կամավորներ: Այսօր նրանք պետք է աշխատեն 500 մ խորությամբ կիրճի հատակում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Այդ շրջանում կան ինքնաթիռի բազմաթիվ բեկորներ, իսկ նրանց շարքում` զոհվածների մարմնի առանձին հատվածներ: Ոչ ոք չգիտի` երբ կավարտվի մարմինների մնացորդների տարհանումը:
Ինդոնեզիայի Ազգային ոստիկանության հիվանդանոցում մի քանի օր է շարունակվում է ինքնության ճանաչման գործընթացը, որին մասնակցում են ավելի քան 60 պաթոլոգ անատոմներ եւ ԴՆԹ-ի մասնագետներ, ինչպես տեղացի, այնպես էլ` ռուս:
Հիշեցնենք, որ ինքնաթիռն աղետի էր ենթարկվել մայիսի 9-ին` Ջակարտայում ցուցադրական թռիչքի ժամանակ: Այն բախվել էր Սալակ լեռան լանջին` 1,6 կմ բարձրության վրա: Ինքնաթիռում եղել է 45 մարդ, այդ թվում 8 ռուսներ` ինքնաթիռի անձնակազմը, ինչպես նաեւ տրանսպորտային ընկերությունների աշխատակիցներ եւ լրագրողներ: Ոչ ոքի չի հաջողվել փրկվել:




























