Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում մայիսի 14-ի երեկոյան իրավիճակը կրկին սրվել է իսլամիստների կողմից Նուր հրապարակը գրավելուց հետո: Բանակի հրամանատարությունն այնտեղ զրահատեխնիկա է ուղարկել:
Բողոքողները պահանջում են ազատել իսլամիստական կուսակցությունների ձերբակալված ակտիվիստներին, որոնք կասկածվում են ահաբեկչական խմբավորումների հետ կապերի եւ Սիրիա զենք մատակարարելու մեջ:
Սուննիների եւ ալավիների թաղամասերում վերսկսվել է ուժեղ փոխհրաձգությունը: Երկու կողմերի գրոհայինները գործի են դրել նռնականետները: Վնասվածք ստացած 76 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, նրանց թվում կան կանայք եւ երեխաներ: Զոհվել է ութ մարդ, այդ թվում մեկ զինծառայող, որին կրակել է դիպուկահարը, գրում է «Նոր տարածաշրջանը»:
Ազատ հայրենասիրական շարժման ներկայացուցիչ գեներալ Միշել Աունը, ով ղեկավարում է քրիստոնեական բլոկը, Տրիպոլիի դեպքերը հրահրելու մեջ մեղադրել է ընդդիմության առաջնորդներին, որոնք վաղուց ցանկանում էին «հարեւան Սիրիայից ճգնաժամը փոխանցել Լիբանանին»:
Ի պատասխան դրա` «Ալ Մուսթաքաբալ» շարժման պատգամավոր Մուհամեդ Կոբարան կառավարությանը մեղադրել է «սուննի համայնքի դեմ դավադրության» մեջ: Նա պնդում է, որ լիբանանյան բանակը Տրիպոլի է ուղարկվել «Դամասկոսից ստացված հրամանով»:
Հարեւան Սիրիայում իշխանության եւ ընդդիմության հակասությունը որոշ չափով արտացոլվում է Լիբանանի հյուսիսում: Տրիպոլիի սուննի շատ բնակիչներ վրդովված են հակակառավարական ելույթները ճնշելուն ուղղված Դամասկոսի գործողություններից: Մյուս կողմից, լիբանանյան ալավիները, որոնց հավատակիցները գերիշխող դիրք ունեն Սիրիայի իշխանությունում, աջակցում են նախագահ Բաշար Ասադին:




























