Եվրախմբի ֆինանսների նախարարները չեն քննարկել եվրագոտուց Հունաստանի հնարավոր հեռացումը, ոչ ոք նման բան չի ասել, մայիսի 14-ի երեկոյան Բրյուսելում հայտարարել է արժութային միության նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Մեր պարտքն է Հունաստանը պահել եվրագոտում», - ասել է նա Եվրախմբի նիստի արդյունքների ամփոփիչ ասուլիսում, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
«Եվրախումբը հույս ունի, որ Հունաստանում շուտով նոր կառավարություն կձեւավորվի, որն իր վրա կվերցնի ծրագրի աշխատանքը եւ խորհրդարանական մեծամասնություն կունենա, ինչը նրան հնարավորություն կտա իրագործել քաղաքական անհրաժեշտ քայլերը», -ասել է Եվրախմբի ղեկավարը:
Հիշեցնենք, նախօրեին հաղորդվել էր, որ Եվրախումբը քննարկում է եվրագոտուց Հունաստանի դուրս գալու հարցը, նաեւ գնահատվել էր նման քայլի մոտավոր արժեքը` 276 միլիարդ եվրո:




























