Ինդոնեզիայի կառավարությունը որոշում է կայացրել ռուսական Sukhoi SuperJet-100 (SSJ-100) օդանավի վթարի զոհերի ընտանիքներին 50 մլն ինդոնեզական ռուփիի` 5,4 հազար դոլարի չափով փոխհատուցում վճարել:
Ինչպես տեղեկացնում է Jakarta Post-ը, սովորաբար փոխհատուցում վճարում են սովորական ավիաչվերթներ իրականացնող օդանավերի վթարի զոհերի ընտանիքներին: Սակայն SSJ-100-ի վթարի զոհերի ընտանիքների համար Ինդոնեզիայի կառավարությունը որոշել է բացառություն անել:
«Մենք կսկսենք փոխհատուցումները վճարել նույնականացման գործընթացի ավարտից անմիջապես հետո» ,- Ինդոնեզիայի սոցիալական հարցերով նախարար-համակարգող Ագունգա Լաքսոնոյի խոսքերը մեջբերում է թերթը:
Կառավարությունը փոխհատուցումները կվճարի պետական PT Jasa Raharja ապահովագրական ընկերության միջոցով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Sukhoi SuperJet-100-ն Ինդոնեզիայում ընկել է մայիսի 9-ի ցուցադրական թռիչքի ժամանակ: Օդանավում 45 մարդ է եղել, որոնցից 8-ը` ռուսներ, Ինդոնեզիայի 35 քաղաքացիներ, ամերիկացի եւ ֆրանսիացի: Օդանավը բախվել է Սալակ լեռան լանջին` 1,6 կմ բարձրությունում:




























