Թեհրանում մահապատժի են ենթարկել   «իսրայելյան լրտեսին», որը մեղավոր էր ճանաչվել ֆիզիկոս-միջուկաբան Մասուդ Ալի Մոհամմադիի սպանության մեջ: Իրանի 24-ամյա քաղաքացի Մաջիդ Ջամալի Ֆաշիին կախաղան են բարձրացրել:

Հիշեցնենք, պրոֆեսոր Մասուդ Ալի Մոհամմադին սպանվել է  2010թ. հունվարին, երբ Թեհրանի կենտրոնում կայանած նրա մեքենայի մոտ պայթել էր ականապատ մոտոցիկլը:

Ձերբակալությունից հետո Ֆաշինն խոստովանել էր, որ Մոհամադիին վերացրել է իսրայելական հատուկ ծառայությունների առաջադրանքով, գրում է TLTNews.ru-ն:

Իսրայելական  «Եդիոտ Ահրոնոթ» թերթի տվյալներով, վերջերս իրանական հեռուստատեսության եթեր էր դուրս եկել դատապարտյալի հետ հարցազրույցը, որտեղ նա պատմել էր «Մոսադի» գործակալների հետ իր շփումների եւ Իսրայելում ուսումնավարժանքների մասին: Ֆաշիի խոսքով` իսրայելցիներն իրեն  50 հազար դոլար են  խոստացել գիտնականի սպանության դիմաց, բայց միայն կեսն են վճարել:

Բացի այդ, Ֆաշին հարցաքնությունների ընթացքում հայտարարել է, որ ծրագրել էր այլ սպանություններ եւս, սակայն հրաժարվել է  դրանք իրագործելուց: Մասնավորապես նա որոշել է չսպանել ֆիզիկոս Մաջիդ Շահրիարիին, որն ավելի ուշ, այնուամենայնիվ, սպանվել էր: