«Ժառանգություն» կուսակցության ցուցակով  խորհրդարան կգնան Րաֆֆի Հովհանիսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Ռուբիկ Հակոբյանը, սակայն ինքնաբացարկները եւս չեն բացառվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

«Այս պահի դրությամբ խորհրդարան կգնան ցուցակի առաջին 5 հոգին: Հետագայում, թե ինչ փոփոխություններ կլինեն, ինչ կորոշվի, դա դեռ հստակ չէ: Դրա համար պարոն Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հայտարարության մեջ նշել է հունիսի 2-ը` բոլոր հարցերին պատասխան տալու համար»:

Հարցին, թե հնարավո՞ր են նաեւ ինքնաբացարկներ, Խուրշուդյանն արձագանքեց. «Որեւէ, բան այս պահին չենք բացառում»:

Նշենք, որ այսօր` մայիսի 15-ին, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հետընտրական հայտարարությամբ, որտեղ նշել է, որ հունիսի 2-ին «Ժառանգության» համագումարն է տեղի ունենալու: