Ինդոնեզական իշխանությունները փակել են Սալակ լեռան մոտ`ռուսական Sukhoi Superjet-100 ինքնաթիռի վթարի վայրում գոյացած շուկան: 

Նշվում է, որ որոնողական աշխատանքների սկսվելուց հետո մոտակա տարածքը լցվել է տեղաբնակներով, որոնք դիտել են փրկարարների աշխատանքները:  Շուտով դեպքի վայրից ոչ հեռու իր աշխատանքն է սկսել բացօթյա շուկան, որտեղ վաճառվել են ծխախոտներ եւ արագ պատրաստվող փլավ: Շուտով տեղի բնակիչները փակել են  Սալակ լեռան բոլոր ճանապարհները եւ նույնիսկ որոնողական աշխատանքների շտաբը: Դրա հետ կապված էլ որոշում էր ընդունվել տարածքն ազատել օտարներից, հայտնում է    lenta.ru-ն:

Ըստ մայիսի 15-ի առավոտվա տվյալների` Ջակարտա են ուղակվել ինքնության պարզման համար զոհվածների մարմնի հատվածներով 27 բեռնարկղեր:

Ինչպես հայտնում է  «gazeta.ru»-ն, ինդոնեզացի մասնագետները նախապես ճանաչել էին 22 զոհերին: Այժմ նրանք սպասում են զոհվածների հարազատների ԴՆԹ-ի  անալիզի արդյունքներին: Ավելի քան 20 զոհվածներ նախապես ճանաչվել էին մատնահետքերով: 

Որոնողական աշխատանքները վարում են ընդհանուր առմամբ 700 մարդ եւ  11 միավոր տեխնիկա, այդ թվում նաեւ Ռուսաստանի ԱԻՆ-ից` 84 մարդ եւ  7 միավոր տեխնիկա: Մասնակցում են նաեւ ավիացիան, այդ թվում ռուսական 4 օդանավեր, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»: Այժմ փրկարարները փորձում են պարաններով իջնել 500 մ-անոց կիրճը, նրանց աշխատանքը դժվարացնում է տեղացող անձրեւը:

Sukhoi Superjet-100 ինքնաթիռն ընկել էր մայիսի 9-ին` ցուցադրական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռը բախվել էր Սալակ լեռան լանջին: Ինքնաթիռում եղել են 45 մարդ, բոլորը զոհվել են: