Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) մայիսի 18-ին նիստ է գումարելու, որտեղ քննարկելու է «Կենտրոն» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: Որպես վարչական պատասխանատվության ենթարկելու պատճառ է նշվում անհավասար քարոզչության իրականացումը նախընտրական քարոզարշավի ընթացքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 11-ին, ՀՌԱՀ-ը որոշել էր վարչական պատասխանատվության ենթարկել «Կենտրոն» հեռուստաընկերությանը` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն: Ըստ այդմ, «Կենտրոն» հեռուստաընկերությունը տուգանվել է 1 մլն դրամի չափով: Որոշումը կարելի է բողոքարկել ՀՀ Վարչական դատարանում` այն ուժի մեջ մտնելու պահից` 15-օրյա ժամկետում:

ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի փոխանցմամբ, տուգանելու պատճառը նախընտրական քարոզարշավի համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելն է: Խոսքն այն մասին է, որ ընտրությունների օրը` մայիսի 6-ին, «Կենտրոն» հեռուստաալիքի «Էպիկենտրոն» հաղորդման ժամանակ, ժամը 16:50-17:00-ի սահմաններում, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը կոչ է արել մասնակցել ընտրություններին եւ որեւէ դեպքում ձայն չտալ Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին:

«Մուլտիմեդիա-Կենտրոն Թիվի» ՓԲԸ ներկայացուցիչը` իրավաբան Արա Սաղումյանն առարկել էր, որ հեռուստաընկերությունն ուղիղ եթերով հեռարձակել է մամուլի ասուլիսը, որի ընթացքում հնչել է Զուրաբյանի խոսքը:

Ամալյանն էլ ընդգծել է, որ նույնիսկ ուղիղ եթերի դեպքում բանախոսներին պետք է տեղյակ պահեին, որ չի կարելի քարոզչական բնույթի տեղեկատվություն տարածել: Նրա խոսքով, այն, որ այդ պահին էկրանին երեւացել է «ուղիղ եթեր» արտահայտությունը, կարող է ընդամենը մեղմացուցիչ հանգամանք լինել: