Հայկական ավանդական ընտանիքը, որը մեծ երջանկության աղբյուր է, այսօր մարզերում քայքայվում է` ենթակվելով այլասերությունների: Այդ մասին, այսօր` մայիսի 15-ին, մամլո ասուլիսում հայտարարել է Երեւանի Արաբկիր վարչական շրջանի հոգեւոր հովիվ Բաբկեն Հայրապետյանը` բոլորին շնորհավորելով այսօր նշվող Ընտանիքի օրվա առթիվ:
Ըստ քահանայի` մեղքի մի մասի պատճառը եվրոպական արժեքներն են, իսկ երկրորդ կեսի պատճառը տղամարդիկ են, որոնք գնում են արտասահման աշխատելու` այստեղ թողնելով իրենց ընտանիքները, այնտեղ նրանք նոր ընտանիքներ են կազմում կամ էլ վերադառնում են իրենց կանանց մոտ` որպես «պարգեւ» բերելով տարբեր տեսակի վեներական հիվանդություններ: Ընդ որում, նա նշել է, որ այդ քայլին տղամարդիկ ստիպված դիմում են երկրի սոցիալական ծանր դրությունից ելնելով:
Հարցին, թե կարելի՞ է արդյոք դրանից եզրակացնել, որ հայկական ավանդական ընտանիքի քայքայման մեղքը տղամարդկանցն է, քահանա Հայրապետյանը պատասխանել է. «Այո, այստեղ կա հայ տղամարդկանց մեղքը: Սակայն միայն տղամարդը չէ մեղավոր, քանի որ շատ հաճախ կանայք են տղամարդկանցից պահանջում բարձր աշխատավարձ, եւ նրանք ստիպված են արտասահման մեկնել: Հավանաբար, մղումը դա է, այլ ոչ թե գնալ եւ այլ կնոջ հետ կապվելը»:
Ի պատասխան լրագողների այն դիտարկմանը, թե կարեւորը գնալու պատճառը չէ, այլ հետեւանքները, քահանան նշել է. «Իհարկե, եթե արդյունքում քայքայվում է ընտանիքը, այդ տղամարդը մեղավոր է, դա ակնհայտ է»: Ընդ որում, հոգեւոր ներկայացուցիչը չի մոռացել նշել կնոջ մեղքի դերն ընտանիքի կործանման գործում: «Եթե կինը պահանջներ է առաջադրում, որը տղամարդու կարողություններից վեր է, մուրճի նման խարազանում է տղամարդուն, ապա մի հիանալի օր այդ տղամարդը կփախչի նրանից», - ասել է քահանան` նշելով, սակայն, որ նաեւ չպետք է եզակի օրինակները տարածել բոլորի վրա:




























