Հայ ընտանիքները հիմնականում ավանդապաշտ են: Այդ մասին այսօր` մայիսի 15-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Շենգավիթի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետ Սուսաննա Ավետիսյանը: Վերջինիս խոսքով, վերջին շրջանում հայկական ժամանակակից ընտանիքում փոփոխություններ շատ քիչ են նկատվում:
Խոսելով ամուսնալուծությունների եւ դրա պատճառների մասին` Սուսաննա Ավետիսյանը նշել է, թե ամուսնալուծությունների հիմնական պատճառը սիրո բացակայությունն է:
Մասնագետները նաեւ հարցումներ են արել եւ պարզել, որ զույգերը ամուսնալուծությունների պատճառ են համարում զույգերից մեկի դավաճանությունը, կենցաղային անհամատեղելիությունը, սակայն չեն նշում սեռական անհամատեղելիության մասին, քանի որ ամաչում են:
Ներկայացնելով թվական տվյալները` նա նշել է, թե Շենգավիթ վարչական շրջանում այս տարվա ընթացքում արդեն ամուսնացել է 292 զույգ, ամուսնալուծվել` 80-ը: Անցած տարվա ընթացքում էլ 1000-ից ավելին ամուսնացել են, բաժանվել` 209-ը:
Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանի խոսքով էլ, վերջին շրջանում հայ հասարակությունն ավելի հանդուրժող է դարձել քաղաքացիական ամուսնությունների նկատմամբ:




























