ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել Կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիդ Թավադյանին։ Այդ մասին NEWS.am—ին հայտնում են ՏԿԵՆ-ից: 

Նախարարը շնորհավորել է Դավիդ Թավադյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ընդգծելով պետական գույքի արդյունավետ և պատասխանատու կառավարման կարևորությունը։ 

Դավիթ Խուդաթյանը նշել է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը պահանջում է հետևողական աշխատանք, կառավարման ժամանակակից մոտեցումների կիրառում և պետական ակտիվների առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացում։ 

Նախարարը վստահություն է հայտնել, որ Դավիդ Թավադյանի մասնագիտական փորձն ու գիտելիքները կնպաստեն առաջադրված խնդիրների արդյունավետ լուծմանը։ 

Դավիդ Թավադյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նշանակման կապակցությամբ՝ նշելով, որ թեև պետական համակարգում աշխատելու փորձ չունի, սակայն հստակ պատկերացնում է Կոմիտեի առջև դրված խնդիրներն ու աշխատանքի բնույթը։ Նա ընդգծել է պետական գույքի եկամտաբերության բարձրացման, առկա խնդիրների լուծմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանք իրականացնելու անհրաժեշտությունը։ 

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Առնակ Ավետիսյանին՝ վերջին տարիներին Պետական գույքի կառավարման կոմիտեն ղեկավարելու, ինչպես նաև Գևորգ Բաբայանին՝ վերջին կես տարվա ընթացքում Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարելու և աշխատանքների բնականոն կազմակերպելու համար։