Մոր կողմից լքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե ի պատիվ Սոսե Մայրիկի։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում հայտնեց աղջկան գտած Նարեկ Պետրոսյանը՝ նշելով, որ անունը սոցծառայության կողմից է դրվել։

Պետրոսյանը նշեց, որ պարբերաբար տեսակցում է երեխային, դրական դինամիկա կա, մինչև ամսվա վերջ աղջիկը կմնա հիվանդանոցում։

«Վերջին անգամ այսօր եմ տեսել, չեն թողնում մտնել երեխայի մոտ, բայց կապվածությունը այնքան է շատացել, որ շաբաթվա մեջ մի քանի անգամ այցելում եմ, բժիշկների տալիս եմ հեռախոսս, խնդրում, որ նկարեն, տեսնեմ Սոսեին։ Արդեն համաձայնություն կա, որ դուրսգրմանը ես ամեն ինչ կազմակերպեմ»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի բակերից մեկում բնակիչներից Նարեկ Պետրոսյանը նորածին աղջկա էր գտել։ Երեխան սառած է եղել, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Նորածինը շնչառական անբավարարություն ուներ, բայց կյանքին վտանգ չէր սպառնում։

Նշենք, որ Քննչական կոմիտեում դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղջկա ծնողներին հայտնաբերելու վերաբերյալ դեռ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել։ Նշենք, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Սոսեին կտեղափոխեն մանկատուն։