Զինված ուժերի հրամանատարական կազմում կադրային փոխատեղումներն ու ազատումները բնական գործընթաց են և մտնում են Պաշտպանության նախարարության իրավասությունների մեջ։ Օգոստոսի 17-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Մասնավորապես, մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի նշանակումը, Քոչարյանը բարձր է գնահատել նրա մասնագիտական փորձը։ Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք Արամ Հովհաննիսյանի նշանակումը կապված չէ այն բանի հետ, որ նա կիսում է իշխող խմբակցության հայացքներն ու աջակցում նրան։ Անդրանիկ Քոչարյանը հերքել է քաղաքական ուղղորդվածության ենթատեքստը և կոչ արել շտապողական եզրահանգումներ չանել․ «Պետք չէ շտապել եզրահանգումներ անել։ Արամ Հովհաննիսյանը մարդ է, որն ունակ է բարդ ու պատասխանատու որոշումներ կայացնել։ Նա մեծ ճանապարհ է անցել բանակային համակարգում։ Եթե մարդուն ազատել են, իսկ հետո նորից հրավիրել ու նշանակել, նշանակում է՝ նրա առջև կոնկրետ խնդիրներ են դրված, և նրա փորձն անհրաժեշտ է»,- վստահեցրել է պատգամավորը։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ Հայաստանի Ռազմական ոստիկանության ղեկավար կազմը ձևավորված է բարձրագույն ռազմական կրթությամբ փորձառու սպաներից, իսկ ինքը՝ Հովհաննիսյանը, համակարգի հիմնադիրներից մեկն է։

Խոսելով ընդհանուր առմամբ կադրային փոփոխությունների մասին՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել է, որ բանակը պետք է մշտապես թարմացվի, բայց միևնույն ժամանակ մնա քաղաքական գործընթացներից դուրս։ «Բանակում պետք է միշտ կադրային փոփոխություններ անել։ Բանակին թարմացում է պետք։ Պահե՞լ, թե՞ չպահել այն կադրերին, որոնք, հնարավոր է, սկսել են թերացումներ թույլ տալ, դա մտնում է պաշտպանության նախարարի իրավասությունների մեջ։ Այս որոշումներում այլընտրանքների որոնում կամ քաղաքական ենթատեքստ չկա»,- հավելել է պատգամավորը։

Անդրադառնալով բանակային միջավայրում առկա ներքին խնդիրներին և արտակարգ պատահարներին՝ նա նշել է գումարտակների և գնդերի մակարդակով հրամանատարական կազմի ամրապնդման, ինչպես նաև Զինված ուժերում հոգեբանական ծառայության հզորացման անհրաժեշտությունը։