Հունաստանում կառավարություն ձեւավորելու փորձերը կրկին ձախողվել են: Ձախ կենտրոնամետ «Համահունական սոցիալիստական շարժման» (ՊԱՍՈԿ) առաջնորդ Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել է, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան:

Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը մայիսի 16-ին, այսպես կոչված, «ծառայողական» կառավարություն կնշանակի, որը երկրի Սահմանադրության համաձայն, կկառավարի երկիրը 30 օրվա ընթացքում, մինչեւ նոր ընտրությունների անցկացումը: Այս մասին հայտնել են նախագահի վարչակազմից:

Կառավարություն ձեւավորելու բանակցություններում անկյունաքարը եղել է եվրոպական օգնության դիմաց խիստ տնտեսական քաղաքականություն իրականացնելու հարցը: Հունական կուսակցություններից յուրաքանչյուրը պնդել է, որ իր քաղաքականության մեջ կառավարությունը պետք է ղեկավարվի ժողովրդից ստացած մանդատով, իսկ դա նշանակում է Եվրամիության հետ կնքած համաձայնագրի վերանայում: Այդ համաձայնագիրը ենթադրում է Հունաստանին ֆինանսական օժանդակության տրամադրում` բյուջետային խիստ քաղաքականության իրականացման դիմաց, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ հունիսի 17-ին: