Եվրոպական հանձնաժողովը եւ Ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչն, այսօր` մայիսի 15-ին, հրապարակել են Եվրոպական հարեւանության քաղաքականության փաթեթը, որում ներառված է նաեւ Հայաստանի վերաբերյալ զեկույց:

Եվրոպական հանձնաժողովի մամլո ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցում մասնավորապես նշվում է, որ ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բավականին լավ արագությամբ: «Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկն ապահովող պայմանների իրականացման հարցում: Ընդհանուր առմամբ, Հայաստանը նաեւ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում»,- ասված է զեկույցում:

Հանգամանալից անդրադարձ է կատարվում նաեւ համագործակցության առանձին վերցրած ոլորտներին, այդ թվում քաղաքական երկխոսությանը, տնտեսական, սոցիալական, արդարադատության, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցությանը:

Քաղաքական երկխոսության մասով` ԵՄ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին մինչեւ 2013թ-ի նախագահական ընտրությունները հաղթահարել այն բացթողումները, որոնք 2012թ-ի խորհրադարանական ընտրությունների ընթացքում արձանագրել էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները, ինչպես նաեւ ամբողջովին հետազոտել 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում մահվան բոլոր դեպքերը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ էլ կոչ է արվում շարունակել ջանքեր ներդնել Ադրբեջանի հետ համաձայնության հասնելու նպատակով` Մադրիդյան սկզբունքների հիման վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Բացի այդ, ԵՄ-ն կոչ է անում ապահովել իր ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքների` առանց որեւէ նախապայմանների: