Զբոսաշրջային ծառայություններ մատուցողները պարտավոր են պետական մարմիններին տեղեկացնել իրենց գործունեության մասին, դրա համար Հայաստանում ստեղծվել է տվյալների բազա։ Այս մասին օգոստոսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը։

Նա հստակեցրեց, որ այս պահանջը չկատարելու դեպքում Պետական եկամուտների կոմիտեն ստուգում կանցկացնի և կտուգանի։ «Այս օրենքը խախտելու համար անձին կարող է սպառնալ նաև ազատազրկում», - նշեց Մկրտչյանը։

Ավելի վաղ զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տվյալների բազա ստեղծելու որոշումն ընդունվել էր Կառավարության նիստում։

Պաշտոնյան պարզաբանեց, որ զբոսաշրջային ծառայություններ մատուցողները կարող են գրանցվել notify.tourism հարթակում, որը կգործի հոկտեմբերի 15-ից, և իրենց գործունեության մասին տեղեկացնել Զբոսաշրջության կոմիտեին, ինչի համար տարեկան կգանձվի 5 հազար դրամից մինչև 150 հազար դրամ տուրք՝ կախված տնտեսական գործունեության տեսակից։

Նա չբացառեց, որ սկզբում իրենց գործունեության մասին պետք է տեղեկացնեն միայն տուրօպերատորներն ու տուրիստական գործակալությունները՝ կախված հարթակի տեխնիկական պատրաստվածությունից։

Մկրտչյանը հավելեց, որ զբոսաշրջային ծառայություններ մատուցողները պարտավորություն չեն ունենա ներկայացնելու այն տվյալները, որոնք նախկինում արդեն մուտքագրել են որևէ այլ պետական տվյալների բազայում գրանցվելիս։

«Այդ դեպքում տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են մուտքագրել միայն այն տվյալները, որոնք չկան այլ տվյալների բազաներում։ Օրինակ՝ հյուրանոցների սեփականատերերը կամ ղեկավարները կնշեն սենյակների քանակի մասին տվյալներ, տուրիստական գործակալությունները կներկայացնեն այն աշխարհագրական ուղղությունների մասին տվյալներ, որոնցով զբոսաշրջիկներ են տանում», - ընդգծեց Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։

Մկրտչյանը հավաստիացրեց, որ նոր պահանջներն ուղղված են մատուցվող ծառայությունների որակի, պետական կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը։