Աբսուրդն այն աստիճանի է հասել, որ Հայաստանի խորհրդարանում փոխխոսնակի պաշտոն զբաղեցնող մարդը իրեն թույլ է տվել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի մտացածին գործը համեմատել Օսամա բեն Լադենի ահաբեկչական գործունեության հետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18–ին, Ազգային ժողովի նիստում՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը՝ մեկնաբանելով ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի հայտարարությունները։
«Ի դեպ, բեն Լադենի կազմակերպած ահաբեկչական ակտի հետևանքով (խոսքը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների մասին է՝ խմբ.) զոհվել է մոտ 3000 մարդ, մինչդեռ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքականության պատճառով զոհվել է 2000-ով ավելի մարդ։ Օսամա բեն Լադենին վերացրել են, իսկ նրա աճյունը նետել են օվկիանոսը՝ նույնիսկ գերեզման չթողնելով։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» մինչ օրս իշխանության է», - ասել է Քոչարյանը։
Դրան արձագանքել է Վահագն Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանին հիշեցնելով նրա հոր «մեղքերը»։
«Ուզում եմ հիշեցնել, որ նույնիսկ Օսամա բեն Լադենի զուգարանում սպանված ընդդիմադիր գործչի մարմին չեն գտել (այս դեպքում Ալեքսանյանը ակնարկել է Պողոս Պողոսյանի հետ կապված միջադեպը։ Միջադեպը տեղի է ունեցել 2001 թվականի սեպտեմբերի 25-ին այն բանից հետո, երբ վերջինս Քոչարյանին դիմել է «Բարև, Ռոբ» բառերով։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահներից մեկը դրա պատասխանով մինչև մահ ծեծել է Պողոսյանին Երևանի «Փոփլավոկ» սրճարանի զուգարանում՝ խմբ.)», - հայտարարել է ԱԺ փոխխոսնակը։
Իր հերթին, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը Ալեքսանյանին հիշեցրել է Սոնա Մնացականյանի հետ կապված միջադեպի մասին։ 2022 թվականի ապրիլի 26-ին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենան հետիոտնային անցումում մահացու վրաերթի է ենթարկել 28-ամյա հղի Սոնա Մնացականյանին։ Վրաերթից հետո մեքենան չի կանգնել։ 2025 թվականի հուլիսին վարորդը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման։
«Երկրի ղեկավարը տեսել է, որ կինը պառկած է ճանապարհին, սակայն նրան որևէ բժշկական օգնություն չի ցուցաբերվել։ Նրան նույնիսկ առաջին բուժօգնություն չեն ցուցաբերել։ Եվ սա այն դեպքում, երբ ավտոշարասյունում բժիշկ է եղել», - ասել է Մանուկյանը։











