Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ընդունելությունների տանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Ս. Սարգսյանը շնորհավորել է Դ. Մեդվեդեւին` վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նշել. «Վստահ եմ, որ այս կարգավիճակում էլ կշարունակենք ամրապնդել բարեկամությունը մեր ժողովուրդների միջեւ»:
Դմիտրի Մեդվեդեւն էլ վստահություն է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն համագործակցությունը, կպահպանվեն բարեկամական, դաշնակցային կապերը: Նա էլ շնորհավորել է Հայաստանի նախագահին` Հանրապետական կուսակցության խորհրդարանական ընտրություններում հաղթանակի ու մեծամասնություն ստանալու համար:
«Դա անհրաժեշտ պայման կլինի Հայաստանին` որպես պետության զարգացման ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար: Ռուսաստանը կաջակցի այդ գործընթացներին»,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը:




























