Կոալիցիա կազմելու վերաբերյալ  քննարկումներն ընթանում են, սակայն պաշտոնական տեսակետը կներկայացվի մի քանի օրից: Այս մասին, մայիսի 15-ին, NEWS.am- ի թղթակից հետ զրույցում ասաց իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով  մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիայի հնարավոր կազմմանը:

Նրա փոխանցմամբ` քաղաքական դաշտը առաջիկա 5 տարիներին կառաջնորդվի համաձայնությամբ: Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելու նախապայմաններին, մասնավորապես` 2013 թ նախագահական ընտրություններում իրենց թեկնածուին սատարելուն, ապա ՀՀԿ փոխնախագահի խոսքով, դա կոալիցիոն հուշագրի մոտիվներից մեկն է եւ որոշումների կիզակետում կլինի այդ հարցը:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժի ռազմավարությունը կապված է նախագահական ընտրությունների հետ», - նշեց նա: 

ՀՀԿ փոխնախագահի ներկայացմամբ` այսօր ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կոալիցիա կազմելու հասարակական պահանջմունք կա, ինչը բնական է, քանի որ նրանք, ովքեր կոալիցիայի ներսում են, ձեռնամուխ կլինեն խնդիրների լուծմանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կողմից ` կոալիցիա կազմելու դիմաց մեծ պահանջներ դնելուն  կամ մի քանի պորտֆել ավել ուզելուն, ապա նա նշեց, որ պահանջների խնդիր չկա, որովհետեւ  ՀՀԿ-ն լուրջ դիրքերում է եւ լուրջ պատասխանատվության տակ:

Գալուստ Սահակյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հաստատեց նաեւ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ՀՀԿ ցուցակից հնարավոր են բազմաթիվ ինքնաբացարկներ: Նա նշեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակը կազմելիս իրենք խոսել են ինքնաբացարկների մասին.

«Ցուցակը ներկայացնում է ամբողջ թիմը, բայց նրանցից Ազգային ժողով կգան նրանք, ովքեր փորձառու են, քաղաքականությամբ զբաղվողներ են եւ քաղաքական գործիչներ են», - նշեց Սահակյանը: Իսկ թե որ համարից հետո են գալիս այդ մարդիկ,Գալուստ Սահակյանն ասաց, որ ցուցակում նրանք խառն են ներկայացված: ՀՀԿ փոխնախագահը հավաստեց, որ նրանք, ովքեր կարողացել են ԱԺ-ում դերակատարում ունենալ, անպայման կլինեն ԱԺ-ում, կլինեն նաեւ նոր մարդիկ,  որոնք արդեն հայտնի են հանրությանը:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀԿ ցուցակի առաջին 60-70 տեղերը ինքնաբացարակի դիմումներ են ներկայացնելու: