Թերթը զրուցել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«- Կարծո՞ւմ եք` այս ընտրությունները նոր պատգամավորներով նոր Հայաստան ստեղծելու են:
- Լավ կլինի դա դուք ասեք, բայց ես, ընդհանուր առմամբ, բարետես եմ, լավատես: Եւ ես գիտեմ, որ լավ պետք է լինի, լավ Հայաստան, ուժեղ երկիր, եւ ես հավատում ու վստահում եմ:
- Պարոն Ղուկասյան, Դուք նշեցիք, որ Գյումրիում, ընդհանուր առմամբ, ընդդիմադիր են, նկատի ունեք, որ ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է:
- ԲՀԿ-ն շինծու ընդդիմություն է, ինչքան էլ այսօր ընդդիմություն է դարձել: Այն ժամանակ դիմություն էր, դարձավ ընդդիմություն, եւ այդպես ժողովրդին կարողացավ ապակողմնորոշել:
- Ապակողմնորոշելով ձայները խլե՞ց Հանրապետականից:
- Այո, որոշակի:
- Ինչպիսի՞ն են հետընտրական հարաբերությունները, ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները:
- Նորմալ, ինչպես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքում, այպես էլ Գյումրիում:
- Բայց Հայաստանի տարբեր մարզերում հետընտրական բախումներ եղան:
- Ես նմանատիպ բաներ չգիտեմ:
- Ի՞նչ եք կարծում, Հայաստանը ժողովրդավա՞ր երկիր է եւ ընտրություններն էլ ժողովրդավարականին մո՞տ են անցնում:
- Գյումրիի ընտրությունները ՀՀ-ում, Եվրոպայից սկսած կարող են գալ տեսնել, որ Գյումրիի քաղաքապետը առանց կեղծիքի, կաշառքի մշտական ընտրվել է, եւ թող գան սովորեն»,- գրում է «Ժամանակը»:




























