Կոլումբիայում մահափորձ է տեղի ունեցել ներքին գործերի նախկին նախարար Ֆերնանդո Լոնդոնյոյի վրա: Բոգոտայի կենտրոնում պայթյունի հետեւանքով, ըստ ճշտված տվյալների, զոհվել է 2 մարդ, վիրավորվել` 31-ը: Ավելի վաղ զոհվածների թիվը գնահատվել էր 5 մարդ, վիրավորներինը` 19:

Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսի բանուկ մայրուղիներից մեկում: Պայթուցիկ սարքը մոտոցիկլիստի կողմից նետվել էր լուսացույցի մոտ կանգնած մեքենաների կողմը: Դրա հետեւանքով զոհվել են Լոնդոնյոյի մեքենայի վարորդը եւ պայթյունի վայրի մոտ գտնվող ուղեւորատար ավտոբուսի վարորդը: 

Լոնդոնյոն վիրավորվել է, սակայն կարողացել է  իր թիկնապահների օգնությամբ լքել դեպքի վայրը, այժմ նա տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Բոգոտայի ոստիկանության հաղորդման` ահաբեկչությանն, ամենայն հավանականությամբ, մասնակից են Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (ԿՀԶ) գրոհայինները: Մայիսի 15-ին ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի մասին պայմանագիրը, որը կարող էր հրահրել ահաբեկչության նոր ալիք: