Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի մայիսի 15-ին Մոսկվայում կայացած ոչ պաշտոնական նիստում խնդրել է ԱՊՀ-ում 2013թ. իր նախագահությունը տեղափոխել 2014թ.: Բանն այն է, որ Ուկրաինան նույն ժամանակահատվածում պետք է նախագահի ԵԱՀԿ-ն:
«2013 թվականին Ուկրաինան պետք է նախագահի ԱՊՀ-ում: Ես խնդրում եմ ձեզ ըմբռնումով մոտենալ` Ուկրաինան 2013 թվականին նախագահելու է ԵԱՀԿ-ում: Ես խնդրում եմ, որ հաջորդ պետությունը 2013 թվականին ընդունի նախագահությունը, իսկ 2014 թվականին մենք պատրաստ ենք կատարել այդ պատվավոր առաքելությունը», - ասել է նախագահը, հաղորդում է rbc-ն:
Յանոկովիչը նաեւ հայտարարել է Յալթայում սեպտեմբերին ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի եւ ԱՊՀ մասնակից պետությունների` «Յալթյան գործարար հանդիպումներ» բիզնես ֆորում անցկացնելու վերաբերյալ Ուկրաինայի սկզբունքային համաձայնության մասին: Նա ԱՊՀ-ի իր գործընկերներին հրավիրել է այցելել Ուկրաինա` Եվրո-2012-ի եզրափակչի ժամանակ:
Նշենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Վալբուրգ Հաբսբուրգ Դուգլասը հայտարարել էր, որ Ուկրաինայում քաղաքական հետապնդումները կարող են խանգարել երկրում ԵԱՀԿ-ի պատվավոր նախագահությանը` չնայած որ մինչեւ 2013 թվականը դեռեւս ժամանակ կա իրադրությունը շտկելու:




























