Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի և ուկրաինական դրոնների հարվածների ուժգնացման պայմաններում ռուսաստանցիները սկսել են զանգվածաբար կանխիկ գումար հանել բանկերից, բխում է «Банки.ру» ծառայության տվյալներից։

ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով՝ տարվա սկզբից ռուսական բանկային համակարգից կանխիկի է արտահոսել ավելի քան 2 տրլն ռուբլի։ Ընդ որում, Կենտրոնական բանկը ռեկորդային արտահոսքը գրանցել է հուլիսին։

«Քեշի» պահանջարկն աճել է մարտի սկզբին և այդ ժամանակից ի վեր միայն շարունակում է աճել։ Ամսական հաշվեհամարներից հանում են մոտ 300 մլրդ ռուբլի, փոխանցում է Euronews-ը։ Կանխիկի արտահոսքի հետ բախվել են երկրում յոթ խոշորագույն վարկային կազմակերպություններից հինգը, որտեղ ռուսաստանցիները պահում էին ավելի քան 1 տրլն ռուբլի։

Ընդհանուր առմամբ, կարգավորողի տվյալներով, տարվա սկզբից ռուսական բանկային համակարգից կանխիկի է անցել 2,4 տրլն ռուբլի։ Օգոստոսի առաջին կեսին դուրս է բերվել ևս գրեթե 300 մլրդ ռուբլի։

Ինչպես պատմել է Washington Post-ին ՌԴ ֆինանսական համակարգի հետ կապված նախկին պաշտոնյան, բանկերի համար դա անակնկալ էր․ «Նրանք դա չէին սպասում, նրանք այդ «քեշը» ինչ-որ տեղ ներդրել էին, իսկ հիմա մարդիկ գալիս են և ամսական հանում են կես տրիլիոն»։