Վրաստանի խորհրդարանը  մայիսի 15-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունններ, որոնք միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին թույլ կտան մասնակցել խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին` եւ որպես ընտրող, եւ որպես թեկնածու: Օրինագիծն ուժի մեջ կմտնի երրորդ ընթերցմամբ ընդունվելուց եւ նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Պաշտոնապես, խմբագրումները վերաբերում են Վրաստանի բնակիչներին, ովքեր չունեն այդ երկրի քաղաքացիություն: Նրանց, ովքեր ծնվել են Վրաստանում եւ վերջին տարիների ընթացքում բնակվել այնտեղ, բայց չունեն վրացական անձնագիր, ընտրական ակտիվ եւ պասիվ իրավունք է հատկացվում, հաղորդում է  Civil Georgia-ն:

Նոր կանոնները կգործեն սահմանափակ ժամկետով  (մինչեւ 2014թ.): Այսինքն, դրանք իրավունք կտան նշված պահանջներին համապատասխանող անձանց մասնակցել 2012թ. խորհրդարանական եւ 2013թ. նախագահական ընտրություններին:

Փոփոխությունների նախաձեռնության հեղինակը ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական շարժումն է: Առաջարկին աջակցել են իշխող կուսակցության ներկայացուցիչները, որի առաջնորդն է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Հիշեցնենք, Իվանիշվիլին քաղաքականություն մուտք գործելուց հետո զրկվել էր վրացական քաղաքացիությունից` Ֆրանսիայի եւ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու պատճառով, եւ վրացական անձնագիրը վերականգնելու նրա փորձերը հաջողությամբ չէին պսակվել: