Մայիսի 16-ի երեկոյան Ֆրանսիայի Լազուր ափին բացվում է Կաննի  65-րդ փառատոնը` կինոյի գլխավոր միջոցառումը ոչ միայն Եվրոպայի, այլեւ ամբողջ աշխարհի համար:

Փառատոնի պոստերն այս տարի զարդարում է Մերիլին Մոնրոն, իսկ  դրա գլխավոր արարողությանը հրավիրել են «Արտիստը» օսկարակիր ֆիլմի դերասան Բերենիս Բեժոյին:

Կաննի փառատոնը կբացվի Ուես Անդերսոնի  «Լիալուսնի թագավորությունը» ֆիլմով: Ֆիլմում նկարահանվել  են Բրյուս Ուիլիսը, Բիլ Մյուրեյը, Էդվարդ Նորտոնը եւ այլք:

Հիմնական մրցութային ծրագրին մասնակցում են 22 ֆիլմեր: Ժյուրին կգլխավորի իտալացի դերասան եւ ռեժիսոր Նաննի Մորետտին:

Ժյուրիում առաջին անգամ ներկա է կինեմատոգրաֆիայի բնագավառից դուրս մարդ` ֆրանսիացի կուտուրյե Ժան Պոլ Գոթյեն:

Փառատոնը կավարտվի մայիսի 27-ին: Այդ օրը ցույց կտան ապրիլի 4-ին վախճանված Կլոդ Միլլերի վերջին աշխատանքը: Դա Ֆրանսուա Մորիակի  «Թերեզա Դ» վեպի էկրանավորումն է: Գլխավոր դերում նկարահանվել է Օդրի Տոտուն: