Այդ տղան ևս Վարդաշենի բնակիչ է, բայց էպիլեպսիկ հիվանդ է, ինքն էր մեղավոր, ինքը հարվածեց, եթե գիտակցեր՝ չէր հարվածի, հիվանդ է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին, կառավարության շենքի դիմաց հայտնեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ անդրադառնալով ակցիայի մասնակիցներից մեկին բերման ենթարկելու դեպքին։
Իսկ բերման ենթարկվածի մայրը բորբոքված ասաց. «Խնդրեցինք ոստիկաններին, որ թողնեն գնա այն կողմ, չթողեցին, երեխեն էլ ջղայնացավ ու խփեց, լավ արեց, պիտի սատկացներ, Փաշինյանին էլ պիտի դներ իրենց վրա, Ավինյանին էլ այնտեղ՝ իր երեխեքի հետ, սաղին։ Ամեն նինչ անօրինական են անում։ Հերիք եղավ, բոլ եղավ, իմ երեխային եմ ես պահանջում։ 41 տարեկան է ինքը, թող հենց հիմա իմ երեխային բերեն անվտանգ։ Ես գիտեմ, իրենք այնտեղ ծեծելու են, հետո ի՞նչ են անելու։
Ինքը էպիլեպտիկ հիվանդ է, երկրորդ խմբի հաշմանդամ է, անգործունակ է, ես իր օրինական խնամակալն եմ։ Ոստիկաններին խնդրեցի, որ թույլ տային ես փողոցը անցնեի, թույլ չտվեցին, երեխեն էլ ջղայնացավ, խփեց, լավ արեց, պիտի սատկացներ, պիտի գլուխը ցխեր, լավ արեց։ Ոստիկանները ամիսը 7-8 միլիոն դոլար են ստանում, իսկ մեր քամբախ տները ձեռքերիցս վերցնում են, տուն չեն տալիս, գցում են փողոցները, հերիք եղավ։
Տղաս 10 տարեկանից հիվանդ է, խնդրում եմ, աղաչում եմ ձեր միջոցով իմ երեխուն հետ բերեն։ Խնդրում եմ, ոստիկաններին ասեք, թող չծեծեն, ուղղակի խնդրում եմ իրեն ծեծել չի կարելի։ Գլուխը վիրահատած է, պլաստմասա է դրած գլխին, երկու անգամ ավտովթարի է ենթարկվել»։
Նշենք, որ Երևանի Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 20–ին, բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի առջև։ Նրանք պահանջում են շենքերի վթարայնության պատճառով անհապաղ տարհանել իրենց և ապահովել բնակարաններով։











