ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Վարդաշենի հանրակացարանների բնակիչները՝ պահանջելով վթարային շենքերից իրենց դուրս բերել և ապահովել բնակարաններով։ Իրավիճակը լարվել է, երբ ոստիկանները բերման են ենթարկել մեկ քաղաքացու, ով ապտակել է ոստիկաններից մեկին այն պահին, երբ վերջինս խոսում էր իր մոր հետ: Ավելի ուշ քաղաքացիներից մեկը հայտնել է, որ բերման ենթարկված քաղաքացին առողջական խնդիրներ ունի:

Ակցիայի մասնակիցներից մեկը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Մեզ վերջին անգամ ընտրություններից առաջ ասել են կապահովենք, բայց հիմա որոշել են, որ չնչին գումար տան ու այդ չնչին գումարը 7 մլն 800 հազար դրամ է։ Այդ գումարով սկի 5 քմ չենք կարող առնենք։ Հիմա հանրակացարանի ոչ վթարային շենքերում մեկ սենյականոց 12 քմ տաևրածքով սենյակները արժեն 35-40 հազար դոլար։ Իսկ բնակարանների գները 80-90 հազարից են սկսվում, էդ 7 միլիոնը 20  հազար դոլար էլ չի անում, դրանով հնարավոր չի տուն գնել, բացառվում է:

Մենք եկել ենք հրաժարվենք այդ գումարից, թող մեզ մեր քառակուսու չափով տուն տան, գումարը վերցնենք, ի՞նչ անենք:

Վերջին անգամ մեզ ընդունել են, ասել են՝ լավ կլինի, այդ հարցը առաջնային է, կլուծվի, ու հիմա մեզ գռոշներ են առաջարկում, որով ոչ մի բան հնարավոր չի անել։

Ումը մեկ սենյակ է, 7 մլն են առաջարկում, մյուսներինը չգիտեմ, բայց շենքում 90 բնակարան մեկ սենյականոց է, ու այդ 90 բնակարանը մնալու է առանց տուն, փողոցում է հայտնվելու։ Մարդիկ սկի 200 քառակուսի հող չեն կարող առնել, որ վրան խփեն, ապրեն»,–ասաց նա։

Բնակչուհին հիշեցրեց, որ 2015 թվականին վթարային հանրակացարաններում ապրողներին կառավարությունը ապահովեց բնակարաններով. «Հիմա մենք ընտրեցինք, ուրախացանք, որ ապրելու ենք ապահով Հայաստանում, որ ավելի լավ է լինելու, բայց 90-130 բնակարան թողնելու են փողոցում»։