Ավստրալիան վրդովված է Իսրայելի կառավարության որոշմամբ՝ չհարուցել քրեական գործ այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Զոմի Ֆրանկի և World Central Kitchen կազմակերպության նրա գործընկերների սպանության համար։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը։

«Ես Ավստրալիայում Իսրայելի դեսպան Հիլել Նյումանին կանչել եմ և նրան հասկացրել, որ Իսրայելի որոշումը չի համապատասխանում մեր ակնկալիքներին։

Ինչո՞ւ առաջին կործանարար հարվածից հետո հաջորդեցին ևս երկու հարված՝ երկու րոպե ընդմիջումով, ինչը մարտական գործողությունների վարման կանոնների խախտում էր։

Մենք մինչ օրս բավարար բացատրություն չենք ստացել, թե ինչու հարվածը հասցվել է հումանիտար գոտում և այն բանից հետո, երբ բարձրագույն հրամանատարությունը հրամայել էր բրիգադի հրամանատարին մարտի չմտնել շարասյան դեմ։

Ավստրալիայի կառավարությունը չի համարում, որ երկու սպայի պաշտոններից հեռացնելը և երեք սպայի նկատողություն հայտնելը բավարար պատասխանատվություն է յոթ մարդու, այդ թվում՝ Ավստրալիայի քաղաքացու, մահվան համար։

Ավստրալիայի կառավարությունը կշարունակի ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Զոմիի և նրա գործընկերների համար արդարության հասնելու նպատակով», — նշել է Վոնգը։