Facebook-ը նախապես ծրագրվածից 25%-ով ավելի բաժնետոմսեր դուրս կբերի  IPO: Այդ որոշումը պայմանավորված է առկա մեծ պահանջարկով:  Առաջարկը կընդլայնվի 337,4 մլն բաժնետոմսերից մինչեւ 422 մլն: Դրանք միջին գնով` 36 դոլարով իրացնելու դեպքում ընկերությունը կարող է ավելի քան 15 մլրդ դոլար ստանալ:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Facebook Inc. ընկերությունն ավելացրել էր արժեթղթերից յուրաքանչյուրի արժեքը` 28-35 դոլարից հասցնելով 34-38-ի: IPO-ի շրջանակում նախատեսվում էր վաճառքի հանել  337,4 մլն բաժնետոմսեր:

Բայց արդեն նախօրեին հայտարարվել էր, որ եթե բաժնետոմսերի պահանջարկը բարձր լինի, աճուրդի կհանվեն եւս  50 մլն բաժնետոմսեր:

 IPO ներկայացնելու լուրերին զուգահեռ վիճում են, թե որքանով է դա  հուսալի դարձնում Facеbook-ը: Այսպես, մայիսի 15-ին General Motors-ը հայտարարել է, որ Facebook-ից մտադիր է հետ կանչել իր վճարովի գովազդը, գրում է  «Վեդոմոստին»:

Ավտոարտադրողի շուկայագետները նկատել են, որ սոցցանցում վճարովի գովազդը գործնականում ազդեցություն չի ունենում ավտոմեքենաների վաճառքի վրա: Միաժամանակ GM-ը կշարունակի օգտագործել Facebook-ի բրենդային էջերը, որոնց բովանդակության տեղակայումն անվճար է: