ՀԱՊԿ-ն հաստատում է Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը եւ ընդգծում կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարեւորությունը: Այս մասին ասվում է նախօրեին, Մոսկվայում, ՀԱՊԿ հոբելյանական գագաթաժողովի հռչակագրում, որի ամբողջական տեքստը հրապարակվել է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում:

«Հաստատելով Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարեւորությունը` միջազգային իրավունքի ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների եւ նորմերի հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը»,-ասվում է հռչակագրում: