ԱՊՀ-ի, «Եվրազեսի», հիմա նաեւ Եվրոպական ընկերակցության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները մենք պետք է դիտարկենք փոխլարցնող: Այս մասին գրել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` «Հայաստանը նայում է դեպի Եվրոպա» հոդվածում, որը հրապարակվել է ռուսական «Վեդոմոստի» թերթում:
«Այդ տեսանկյունից ոչ մի հակասություն չկա նրանում, որ Հայաստանը նախկին ԽՍՀՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին զուգահեռ բանակցություններ է սկսում Եվրամիության հետ` տնտեսական մերձեցման համար»,-ընդգծել է ՀՀ վարչապետը, հիշեցնելով, որ վերջերս Հայաստանը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մասին համընդհանուր պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ է սկսել:
«Մոտակա 2-3 տարում մեզ սպասում է լարված աշխատանք եվրոպական ստանդարտներ ներդնելու ուղղությամբ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եվրոպական ստանդարտները բարձր չափանիշներ են սահմանում ապրանքների արտադրության, պահպանման, տեղափոխման եւ իրացման համար: Այդ չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ են տեխնիկական եւ տեխնոլոգիական, ներքին վերահսկողության համակարգերի խորը փոփոխություններ: Տնտեսությունը պետք է լուրջ որակական փոփոխություններ կրի»,-գրել է Հայաստանի վարչապետը:




























