Ռուսաստանը պատրաստ է երկխոսության ԱՄՆ-ի հետ, սակայն դա չի նշանակում, թե կհրաժարվի իր սկզբունքային դիրքորոշումներից, NEWS.ru-ի հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ամերիկյան կողմը, ընդհանուր առմամբ, ցուցաբերում է կառուցողական երկխոսության պատրաստակամություն և ըմբռնում Ռուսաստանի դիրքորոշման նկատմամբ։ «Այս փուլում ավելի կարևոր է, թե որքանով Վաշինգտոնը կարող է ազդել Կիևի ռեժիմի և նրա եվրոպացի հովանավորների որոշումների վրա, որոնք մինչ օրս երազում են Ռուսաստանի «ռազմավարական պարտության» մասին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսում էր խաղաղ կարգավորման համար նոր գաղափարներ բերելու անհրաժեշտության մասին, և մենք պատրաստ ենք դրանք լսել, եթե հենց դրանք են ամերիկացիների նշած «ջանքերը»։ Մենք շարունակում ենք բաց մնալ Վաշինգտոնի հետ երկխոսության համար, սակայն դա չի նշանակում, թե կհրաժարվենք մեր սկզբունքային դիրքորոշումներից։ Ինչևէ, ժամանակը խաղում է Կիևի և Եվրամիության ներկայացուցիչների դեմ, և նրանք ստիպված կլինեն դա հաշվի առնել… Կրկնում եմ՝ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է լսել ցանկացած ողջամիտ առաջարկ և գաղափար, որոնք համահունչ կլինեն Ռուսաստանի նախագահի սահմանած նպատակներին և կհամապատասխանեն «գետնի վրա» ձևավորված իրողություններին։ Իսկ ԵՄ-ուկրաինական առավելապաշտական պահանջները «պարտադրելու» փորձերը կամ Ուկրաինայի ԶՈւ վերազինման համար ժամանակ շահելու փորձերը բացարձակապես անընդունելի են և, բնականաբար, չեն կարող նպաստել կայուն կարգավորմանը»,- նշել է նա։