Դաղստանը փորձում են վերածել մշտական «թեժ կետի» եւ որպես գերխնդիր անջատել Ռուսաստանից, կարծում է քաղաքագետ Ալեքսեյ Բալիեւը:
Մեկնաբանելով վերջին իրադարձությունները Դաղստանում, երբ ռուսական հատուկ ծառայությունների կողմից ոչնչացվեց Թուրքիայի քաղաքացի շեյխ Աբդուսալամը, նաեւ զենքի պահեստարան են գտել, Բալիեւը նշել է, թե Ռուսաստանի պաշտոնատար անձինք մինչ վերջերս նախընտրում էին չհստակեցնել, թե որտեղից են գրոհայինները սպառազինություն ստանում:
ՌԴ Պետդումայի հանձնաժողովի նախագահ Հաջիմետ Սաֆարալիեւը հայտարարել է, թե «ընթանում է անթաքույց ներխուժում որոշ երկրների հատուկ ծառայությունների կողմից… դա եւ Սաուդյան Արաբիան է, եւ Թուրքիան, եւ այլ, որոնք ժպտում են մեզ եւ ձեռք սեղմում»:
Թուրքիայում եւ Սաուդյան Արաբիայում վաղուց կան կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս Դաղստանը եւ ողջ Հյուսիսային Կովկասը Ռուսաստանից անջատելու օգտին:
Հատկանշական է, որ Դաղստանում իրավիճակի սրմանը զուգահեռ Ադրբեջանում 2011թ. սկսել են հավակնություններ ներկայացնել դաղստանի Դերբենտ շրջանի եւ համանուն քաղաքի նկատմամբ: Իհարկե, դա եւս ձեռնտու է անջատողականներին, նշել են փորձագետները:




























