Ադրբեջանում անցկացվող այս կամ այն լայնամասշտաբ միջոցառումն օգտագործվում է հակահայ քարոզչության համար: Այդ մասին, մայիսի 16-ին, մամլո ասուլիսում հայտնել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Փորձագետի խոսքով` մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը  «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի ժամանակ կփորձի ապակայունացնել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին եւ իր սադրանքներով պատասխան արձագանք ստանալ հայկական կողմից`աշխարհին ցույց տալու համար հայկական այսպես կոչված «բարբարոսական» գործողությունները:

«Նրանք կփորձեն աշխարհին ցույց տալ, որ Հայաստանն իբր ագրեսոր է, եւ կփորձեն հող նախապատրաստել Ղարաբաղի վրա հնարավոր հարձակման համար: Միաժամանակ, հայկական կողմը չպետք է ադրբեջանցիների ջրով գնա: Սակայն դա չի նշանակում, ուր Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան պետք է մնա անպատասխան: Եթե ադրբեջանական բանակի որեւէ կետից կրակ բացվի հայկական դիրքերի ուղղությամբ, ապա պետք է պատասխան քայլեր ձեռնարկվեն հենց այդ կետիի ուղղությամբ, որտեղից կրակ է բացվել»,- նշել է Ջամալյանը:

Անդրադառնալով Եվրատեսիլի մասնակցությունից հայկական կողմի հրաժարվելուն`Ջամալյանը նշել է տվյալ որոշման իրավացիությունը: Նրա կարծիքով` Հայաստանը չպետք է մրցույթի մասնակցի այնտեղ, որտեղից կրակում են մեր խաղաղ բնակիչներին: