Հայաստանի իշխանությունները չգիտեն, թե երկրում ինչ քաղաքական, տնտեսական համակարգ է գործում, արտաքին քաղաքականության մեջ ինչի են ձգտում: Այս մասին այսօր` մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, հավելելով, որ թե չգիտի` այս իշխանություններն ինչ են ուզում ժողովրդից եւ պետությունից:
Նրա խոսքով, իշխանությունը ժողովրդին պետք է առաջնորդի, մտածի ժողովրդի, պետության մասին, սակայն նրանց բոլոր քայլերն այնքան հակասական են, որ որեւէ հարցի պատասխան չես կարողանում ստանալ:
«Ում հարցնես ինչ քաղաքական համակարգ է երկրում` պատասխան չկա, ի՞նչ տնտեսական համակարգ է` պատասխան չկա, արտաքին քաղաքականության մեջ ինչի՞ ես ձգտում, պատասխան չկա, կոալիցիա կազմվելո՞ւ է, թե` ոչ, կրկին պատասխան չկա: Պարդոքսներ եւ անորոշություն»,- ասաց Արամ Կարապետյանը:
Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, որպես հիմնավորում նշելով հետեւյալը. «Եթե ընտրություններին մասնակցած Արթուր Բաղդասարյանն (ՕԵԿ նախագահ) ասում է, որ իրենց 170 հազար անդամ ունեցող կուսակցությունն ստացել է 83 հազարին մոտ ձայն, որովհետեւ մյուսները գնացել ծախվել են, դե ասեք էլ ի՞նչ կարելի է ասել»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























