«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը չի կարծում, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կընտրի ընդդիմադիր դառնալու տարբերակը, քանի որ նա չի վտանգի իր կուտակած կապիտալը: Այս մասին այսօր` մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ինքը` Արամ Կարապետյանը: «Ո՞ր կուրսին են ընդդիմադիր լինելու, այն կուրսին, որին իրենք է՞լ են մասնակից եղել: Կիսահղի վիճակ որեւէ ասպարեզում չի լինում»,- ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ն ընտրություններից հետո փողոց դուրս չեկավ եւ հանրահավաքային ալիք չսկսեց, Ա. Կարապետյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ը լավ վերլուծել էր իրավիճակը եւ հասկացել է, որ հեղափոխության ռեսուրս չունի եւ ընտրապայքարից դուրս եկավ ամենացածր ռեսուրսներով, ինչով ալիք չէր կարող գեներալիզացնել:

ՆԺԿ առաջնորդի փոխանցմամբ, իրենք համագործակցություն փողոցում պատկերացնում են այն ուժերի հետ, որոնք ընտրութուոններին չեն մասնակցել կամ մանդատները վայր են դրել: Նա փողոցում միավորվելու հարցում առանձնացրեց «Ժառանգությանը» եւ «Սարդարապատ» շարժմանը:

Հարցին, թե ինչո՞ւ «Հանրապետություն» կուսակցությանը չհիշատակեց, Ա. Կարապետյանը պատասխանեց. «Արամ Սարգսյանը դեռ ինքուրույն գործող քաղաքական ուժ չէ: Միաժամանակ չէի ցանկանա, որ  ՀԱԿ-ը քանդվի: Բայց, երբ դառնա ինքուրույն ուժ այդ ժամանակ դասական քաղաքական առումով կխոսենք»:

Ի դեպ, Արամ Կարապետյանը նշեց, որ վատ չէր լինի, որ իշխանության ներկայացուցիչները մի քիչ շատ կարդային, ինչի արդյունքում «մեծ շներ», «փոքր շներ» արտահայտություններ թույլ չէին տա:

Հիշեցնենք, որ նախօրեին քաղաքական դաշտում ՀՀԿ-ի եւ մյուս ուժերի հարաբերակցության մասին խոսելով նման համեմատություն էր արել գործարար, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի