Բաքուն ամբողջ թափով պատրաստվում է «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի անցկացմանը: 2011 թվականին «Եվրատեսիլ»-ում Ադրբեջանի հաղթանակից հետո, այդ երկրի նախագահ Ալիեւը հրահանգել է կառուցել Baku Crystal Hall-ը, որտեղ պետք է անցկացվի մրցույթը:
Մրցույթի օրվա նախաշեմին «Ազադլիգ» ռադիոկայանը բոլորովին ոչ տոնական թվեր է ներկայացնում, թե որքան է արժեցել այդ հսկա կառույցը եւ ում գրպանն են հոսել այդ գումարները: Պալատի կառուցումն Ադրբեջանի բյուջեի համար արժեցել է առնվազն 105 մլն մանաթ (շուրջ 134 մլն դոլար):
Ռադիոկայանը նշում է, որ Baku Crystal Hall-ի շինարարությունն իրականացնում է գերմանական Alpine Bau Deutchland AG ընկերությունը, իսկ ենթամատակարարը AZENCO ընկերությունն է:
Ընկերությունն անպատասխան է թողել հարցերը, թե «ինչո՞ւ է Alpine Bau-ն որպես ենթամատակարար ընտրել հենց AZENCO-ին», «ո՞ւմ է պատկանում AZENCO-ն» եւ այլն: AZENCO-ի պաշտոնական տվյալներում նշվում է, որ ընկերության 97,5 տոկոսի սեփականատերը Interenerji ընկերությունն է, իսկ վերջինիս 70 տոկոսը սեփականատերը Ador ընկերությունն է: Ador-ը գրանցված է Բաքվի Սամեդ Վուրղունի-7 հասցեում, որտեղ մինչեւ վերջերս գրանցված էին երեք ընտրողներ` Մեհրիֆան Արիֆ գըզը Ալիեւան, Լեյլա Իլհամ գըզը Ալիեւան եւ Արզու Իլհամ գըզը Ալիեւան:
«Ազադլիգը» Ադրբեջանի նախագահի աշխատակազմին հարցեր է ուղղել Ալիեւների եւ AZENCO-ի շահերի համընկնման մասին, սակայն պատասխաններ չի ստացել:
«Եվրատեսիլ-2012»-ի համակարգող Սիեթս Բեյքերը ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ Crystal Hall-ը կապ չունի մրցույթի հետ: Նրա խոսքով, Ադրբեջանի կառավարությունը վաղուց է նման շինություն կառուցելու մտադրություն ունեցել, նույնիսկ եթե երգի մրցույթը Բաքվում չկայանար:




























