Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դարձավ «դրության տերը երկրում»: Այդ մասին այսօր` մայիսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա գնահատմամբ` ապագա խորհրդարանում Հանրապետական կուսակցությունն ունի այնպիսի մեծամասնություն, որ խորհրդարան անցած մնացած քաղաքական ուժերն ընդամենը կապահովեն իրենց ներկայությունը: Հետընտրական ստեղծված պայմաններում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ավելի շատ ձեռնտու է «շարունակել մնալ երկրի ամենաերիտասարդ թոշակառուն»:

«Ընտրությունների արդյունքում պարզ դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի երգը երգված է եւ այս ուժն այլեւս չի կարող նշանակալի դերակատարություն ունենալ երկրի քաղաքական կյանքում»,- ասաց Հայրիկյանը:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում, Հայրիկյանի կարծիքով,  2013թ կայանալիք նախագահական ընտրություններն այլեւս կարեւոր չեն, քանի որ, եթե նույնիսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը չվերընտրվի, ապա նա տիրապետում է այնպիսի քաղաքական մեծամասնության, որ կարող է օրենքով սահմանված կարգով ինչ-որ պատճառով պաշտոնանկ անել ցանկացած ընտրված նախագահի: