Sukhoi Superjet-100 (SSJ-100) օդանավը նույնական օդանավով փոխարինվել է մայիսի 6-ին Պակիստանում` շարժիչներից մեկի հնարավոր խափանումների պատճառով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին»  հաղորդել է   «Սուխովի քաղաքացիական օդանավերը» ընկերության ներկայացուցիչը:

Այն մասին, որ օդանավը ցուցադրական թռիչքի ժամանակ փոխարինվել է, մայիսի 14-ին հայտնել էր «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Ընկերության ներկայացուցչի խոսքով` սկզբնապես ասիական 6 երկրներով SSJ-100-ի  ցուցադրական թռիչքներին երկու օդանավ են նախապատրաստել`97005 համարինը` իբրեւ հիմնական եւ   97004-ը` պահեստային:

«Ղազախստանից Պակիստան 97005 համարի  SSJ-100-ով թռչելիս շարժիչի աշխատանքում թերացումներ են նկատվել»,-ասել է ընկերության ներկայացուցիչը: Այդ կապակցությամբ էլ որոշում է կայացվել փոխարինել օդանավը. մայիսի 6-ին Ժուկովսկիից Կարաչի է ժամանել  97004 օդանավը:

Ընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ  97005 օդանավի հնարավոր խափանումները ոչ մի կապ չունեն  97004 համարի օդանավի վթարի հետ:

Միաժամանակ, հիշեցնենք,   «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը նաեւ հայտնել էր, որ օդանավում գտնվել է  97005-ի առաջատար ինժեները, քանի որ 97004-ինը արձակուրդում է եղել: