Ես իրավունք չունեմ դասալքության դիմել ԲՀԿ-ն առանց լուրջ պատճառների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը, սակայն ԲՀԿ անդամ չէ:
Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոալիցիայի ձեւավորման հարցը կորոշի ելնելով նպատակներից եւ առաջադրանքներից, որոնք կհստակեցվեն խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների լույսի ներքո, ինչը իր հերթին կապված է հետընտրական գործընթացների հետ: Այդ կարեւոր որոշումը կկայացնեն կուսակցական քաղաքական խորհուրդը եւ դրա առաջնորդը. «Այս կամ այն նպատակի հասնելու համար ձեւավորվում է մեկ թիմ, այլ նպատակների համար` մեկ այլ: Այսինքն, մարդկանց ընտրությունը պայմանավորված է նպատակներով եւ առաջադրանքներով»:
Ի պատասխան հարցին, որ եթե Ծառուկյանն այնպիսի թիմ կազմի, որի նպատակն ու խնդիրներն անընդունելի լինեն նրա համար, նա կհրաժարվի պատգամավորական մանդատից, Հովհաննիսյանը նշել է. «Եկեք առաջ չընկնենք եւ նման բաների մասին ժամանակից շուտ չմտածենք: Վերջիվերջո, տվյալ փուլում քննարկումներ են կատարվում: Ես պատասխանատվություն եմ կրում խմբի, Ծառուկյանի առաջ, նա հրավիրել է ինձ, եւ ես չեմ փոշմանել եւ բարձր եմ գնահատում: Ես դավաճանության իրավունք չունեմ առանց լուրջ պատճառների»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել այն մասին, որ կոալիցիա մտնելու հարցի հետ կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկու թեւի է բաժանվել. քոչարյանական թեւը չի ցանկանում կոալիցիա մտնել, իսկ ծառուկյանականը ցանկանում է իշխանության մաս դառնալ: Հատկանշական է, որ քոչարյանական թեւի խմբում են ոչ միայն նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու Հմայակ Հովհաննիսյանը, այլեւ Ստեփան Մարգարյանը Ջավախքից, որն զբաղեցնում է համամասնական ցուցակի 12-րդ տեղը:




























