«Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի` ուռոլոգ, 48-ամյա Արմեն Թումանյանի կախված մարմինն, այսօր` մայիսի 16-ի առավոտյան գտել են սեփական բնակարանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությունից: Նրանց փոխանցմամբ` նա ինքնասպան է եղել իր բնակարանում` սավանով կախվելու միջոցով:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեկ շաբաթ նա չի եկել աշխատանքի, հիվանդ էր, դիմել էր բաժնի վարիչին` խնդրելով չգալ:
«Դրանից ավել բան չեմ կարող ասել: Չունեմ որոշակի ինֆորմացիա, որ ձեզ ասեմ»,- ասաց նա` հավելելով, որ հնարավոր է նրա մոտ մրսածություն է նկատվել:
Իսկ թե ինչը կարող էր նրան դրդել ինքնասպանության, Արթուր Ռոստոմյանը չի կարող ասել: Նա տեղյակ չէ, թե ինչ խնդիրներ կարող էր ունենալ բժիշկը, քանի որ որեւէ տարօրինակ բան նրա մոտ երբեւէ չի նկատել:
Ի դեպ, Արմեն Թումանյանը «Էրեբունիում» աշխատում է վաղուց, նա այնտեղի պրոֆեսիոնալ բժիշկներից մեկն էր: 48-ամյա տղամարդը ամուսնացած է եւ ունի երկու անչափահաս երեխա:




























