Միջերկրական ծովում փրկված միգրանտների ճակատագրի շուրջ Իտալիայի և Գերմանիայի միջև տարաձայնությունները սրվում են, արձանագրում է dpa գործակալությունը։

Ինչպես վերջերս հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ և տրանսպորտի նախարար Մատեո Սալվինին, հակառակ Ապաստանի տրամադրման համաեվրոպական համակարգի (CEAS) կանոններին, իր երկիրը չի ընդունի Գերմանիայից Իտալիա հետ ուղարկվող «անօրինական ներգաղթյալներին», քանի դեռ գերմանական մարդասիրական կազմակերպությունների նավերը շարունակում են Միջերկրական ծովում փրկել միգրանտներին, փոխանցում է DW-ն։

«Գերմանիան իրավունք չունի մեզ ուղարկելու ոչ մի անօրինական միգրանտ, քանի դեռ գերմանական ՀԿ-ների նավերը շրջում են Միջերկրական ծովում և հազարավոր անօրինական միգրանտների հասցնում Իտալիա և Եվրոպա», — գերմանական Der Spiegel շաբաթաթերթը մեջբերում է աջակողմյան Lega կուսակցության նախագահ Սալվինիի հայտարարությունը։

Հռոմի տվյալներով՝ միայն ընթացիկ տարվա սկզբից գերմանական ՀԿ-ների նավերը Միջերկրական ծովում վերցրել և իտալական նավահանգիստներ են հասցրել 2200 միգրանտի։ Նրանցից ոմանք հետագայում լքել են այս երկիրը և մեկնել ԵՄ այլ երկրներ, այդ թվում՝ Գերմանիա։

Ապաստանի տրամադրման համաեվրոպական համակարգը (CEAS) սկսել է գործել հունիսին։ Այն Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին թույլ է տալիս Դուբլինյան համաձայնագրին համապատասխան Իտալիա վերադարձնել այն միգրանտներին, որոնք Եվրամիության տարածք են մուտք գործել՝ հասնելով իտալական ափերին։ Չնայած դրան՝ CEAS-ի ուժի մեջ մտնելու պահից մինչ օրս Իտալիան դեռևս չի ընդունել Գերմանիայից այնտեղ վերադարձած ոչ մի միգրանտ, նշում է Der Spiegel-ը։

Ավելի վաղ, երբ Մատեո Սալվինին զբաղեցնում էր Իտալիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը, նա հետևողականորեն քննադատում էր գերմանական ՀԿ-ների, օրինակ՝ Sea-Watch-ի գործունեությունը՝ այն բանի համար, որ դրանք «օգնում են մաքսանենգներին միգրանտներին գայթակղել Միջերկրական ծովով անցնող վտանգավոր երթուղով», հիշեցնում է Die Welt թերթը։

Միևնույն ժամանակ, ինչպես գրում է dpa գործակալությունը, Մատեո Սալվինին իտալական կառավարության միակ անդամը չէ, որը իրավաչափ է համարում Հռոմի հրաժարումը՝ ընդունել այլ եվրոպական երկրներից վերադարձվող միգրանտներին։ Երկրի վարչապետ Ջորջա Մելոնին և ներքին գործերի նախարար Մատեո Պյանտեդոզին նույնպես պնդում են «անհավասարակշռությունների շտկման» անհրաժեշտությունը։ Ընդ որում, իտալական կողմը հայտարարում է, որ ծովային իրավունքի համաձայն նավերի վրա գործում են այն երկրների օրենքները, որոնց դրոշի ներքո դրանք ընթանում են։ Այսպիսով, եթե գերմանական ՀԿ-ների նավերը միգրանտների են վերցնում նավ, ապա նրանց համար ԵՄ մուտքի երկիրը դառնում է Գերմանիան, ոչ թե Իտալիան, հետևում է այս փաստարկից։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանություններն իրենց հերթին բազմիցս ընդգծել են ԵՄ երկրների համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը միգրանտների ընդունման և բաշխման հարցում։

Մինչդեռ այնտեղից իրենց մոտ ժամանած միգրանտներին Իտալիա հետ ուղարկելու մտադրության մասին արդեն հայտարարել են նաև եվրոպական այլ երկրներ, մասնավորապես՝ Ավստրիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Շվեդիան և Ֆինլանդիան։

Պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականից Իտալիան հրաժարվել է ընդունել մոտ 80 000 միգրանտի, որոնք այնտեղ էին վերադարձվել այլ երկրներից, հիմնավորելով դա նրանով, որ ապաստանի տրամադրման ազգային համակարգը գերծանրաբեռնված է եղել։