Հայաստանում սեռական փոքրամասնությունների իրավիճակի շուրջ բարձրացված աղմուկը փորձ է հանրության ուշադրությունը երկրի իրական խնդիրներից շեղելու: Այդ մասին մայիսի 16-ի մամլո ասուլիսում հայտարարել է կառավարման մասնագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոպյանը` խոսելով DIY ակումբի հրդեհի մասին:
Ըստ նրա` պետք է ուշադրություն դարձնել, թե հատկապես երբ բորբոքվեցին կրքերը տվյալ հարցով: «Դա տեղի ունեցավ ընտրություններից երկու օր անց, Մաշտոցի պուրակում բնապահպանների հաղթանակից մեկ շաբաթ անց: Նման գործողություններով Հայաստանում որոշ ուժեր փորձեցին, եւ բավականին հաջող, հանրության ուշադրությունը հեռացնել հետընտրական իրադրությունից, սոցիալ-տնտեսական ոլորտում կուտակված խնդիրներից, բնապահպանության ոլորտից եւ այլն»:
Ըստ Մեսրոպյանի` այդ հարցում ոչ մի սրություն իրականում չկա, այն թեժացվում է արհեստականորեն, իրականում Հայաստանում սեռական փոքրամասնությունների քանակը չի գերազանցում 1-2%-ը: Սակայն դրա հետ մեկտեղ, այդ հարցի շուրջ բարձրացված աղմուկն ավելի շատ էր, քան, ասենք, աղքատության աճի հարցի շուրջ, եւ դա այն դեպքում, երբ միայն պաշտոնական տվյալներով աղքատության մակարդակը կազմում է 35%:
Լրագրողների այն դիտարկմանը, թե աղմուկը ակումբը հրդեհելու արձագանքն էր միայն, Մեսրոպյանը նշել է, որ այդ ամբողջ իրադրությունը «ուղեղների լվացման» տարրերից է: «Ստեղծվում են դեպքեր, բարձրացվում է աղմուկ, իսկ հետո հարցը տեղափոխվում է այլ դաշտ, եւ այդ իրադրության պատվիրատուներն ստանում են ցանկալի արդյունք: Այս տվյալ օրինակում բացի կոնկրետ պատվերից կար նաեւ արտաքին պատվեր, կարծում է Մեսրոպյանը: «Հայաստանին դիտմամբ փորձում են ներկայացնել այնպիսի երկիր, որտեղ անհանդուրժողականություն է տիրում, որպեսզի հետագայում կարողանան ճնշում գործադրել երկրի վրա ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով»:




























