Սիրիայի նկատմամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների ֆոնին, որոնք հանգեցրել են Երուսաղեմի և Անկարայի միջև լարվածության սրմանը, պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը ներկայացրել է Իսրայելի քաղաքականությունը և պարզաբանել, որ «Իսրայելը չի ցանկանում Թուրքիան դարձնել թշնամի, և երկրների միջև գոյություն ունեն հաղորդագրություններ փոխանցելու և բախումները կանխելու գաղտնի ուղիներ»։ Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Պաշտոնյան հստակեցրել է Երուսաղեմի «կարմիր գծերը»՝ նշելով, որ «երբ հայտարարությունները չեն օգնում, Իսրայելին մնում է գործել»։
Իսրայելի քաղաքականությունը կենտրոնացած է Սիրիայում թուրքական ռազմական հզորության ավելացման դեմ պայքարի վրա, մասնավորապես՝ հակաօդային, ժամանակակից հրթիռային և անօդաչու համակարգերի տեղակայումը կանխելու, որոնք կարող են վնաս հասցնել տարածաշրջանում Իսրայելի գործողությունների ազատությանը։
Այս քաղաքականության շրջանակում Իսրայելի բանակը հարված է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Աբու էլ-Դուհուր ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքներին և թռիչքուղիներին։ Կանխարգելիչ գործողությունն իրականացվել է նախքան թուրքական տեխնիկայի ժամանումը նշանակման կետ։ Պաշտոնյայի խոսքով՝ հարվածը նպատակ ուներ Դամասկոսի կառավարությանը հղել հստակ ազդանշան, ըստ որի Իսրայելը, որպես այդպիսին, չի առարկում Սիրիայի ռազմական հզորության ավելացման դեմ, սակայն չի համաձայնի իր սահմանների մոտ անվտանգության նոր սպառնալիքի ստեղծմանը։
Մյուս կողմից, Թուրքիայի դիվանագիտական և ռազմական գերատեսչությունները փորձում են հանգստացնել իրավիճակը և կտրականապես հերքում են հարձակման ենթարկված բազայում իրենց որևէ ուժի ներկայությունը։
Պաշտոնական հայտարարության մեջ Անկարան գրել է, որ «ոչ մի թուրքական ռազմական պատվիրակություն չի գտնվել սիրիական ավիաբազայում ո՛չ մինչև, ո՛չ էլ իսրայելական հարվածների ընթացքում»։





























