Մոնակո Իշխանության խորհրդարանն ընդունելու է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 21-րդ ամենամյա նստաշրջանը, որ կայանալու է հուլիսի 5-ից 9-ը: Ամենամյա նստաշրջանի թեման լինելու է «ԵԱՀԿ. Փոփոխությունների տարածաշրջան»:
Վեհաժողովի երեք ընդհանուր հանձնաժողովների զեկուցողները զեկույցներ եւ բանաձեւերի նախագծեր են պատրաստել` կապված ԵԱՀԿ անվտանգության երեք մակարդակների հետ:
Ամենամյա նստաշրջանը Վեհաժողովի օրացույցում խոշորագույն իրադարձություն է: Այս տարի հանդիպումը կավարտվի Մոնակոյի հռչակագրի ընդունմամբ եւ նախագահի ընտրությամբ:
Ընդհանուր կոմիտեի զեկույցում քննարկվելուէ նաեւ ղարաբաղյան հակամարտությունը:
Զեկույցում, մասնավորապես, ասված է. «Ցավալի է, որ ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է կյանքեր խլել շփման գծում եւ լարվածությունն այդ տարածաշրջանում չափազանց մեծ է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ խաղաղ ծրագիր են մշակում, եւ այժմ կողմերը պետք է աշխատեն` կարգավորելու հակամարռությունը եւ հանգելու համաձայնության:
Կարեւոր քայլ կլինի, որ հրադադարի համաձայնագիրը հարգվի եւ դիպուկահարները հետ քաշվեն»:




























