Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Դոնալդ Թրամփն այլևս որևէ պատրանք չունեն Ռուսաստանի՝ պատերազմը ավարտելու մտադրությունների վերաբերյալ։ Այս մասին նա ասել է օգոստոսի 24-ին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ իր ուղերձում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Ռուսաստանը խաղաղություն չի ուզում, ուզում է մոբիլիզացիա։ Դե ինչ, սա ընդունում ենք սառը գլխով։ Գործում ենք։ Մենք պետք է ուժեղացնենք բանակը, ունենանք ամեն ինչ, որպեսզի կարողանանք պահել պաշտպանությունը։
Պուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք։ Մենք գիտենք, որ նա մահկանացու է։ Նա երբեք մեզ չի հասկացել։ Հիմա արդեն էլ չի հասցնի։ Դուք ուզում էիք խլել մեր ամբողջ Ուկրաինան, մեր ամբողջ հողը, բայց դրա փոխարեն կորցրել եք ձեր նավթավերամշակման գործարանները, նավատորմը, ձեր եկամուտները և ձեր ամբողջ սերունդը։ Քսանյոթ տարի Ռուսաստանի ղեկավարը խոսում է մեծության մասին, իսկ Ռուսաստանը հերթերում է կանգնած բենզինի համար։
Ուրախ եմ, որ Միացյալ Նահանգների բոլոր պատրանքները վերացել են այն մասին, թե արդյոք Ռուսաստանը իսկապես ցանկանում է ավարտել այս պատերազմը։ Ես հավատում եմ, որ Ամերիկայի՝ Ռուսաստանի նկատմամբ բոլոր հակասություններն ու ֆոբիաները նույնպես կվերանան։ Պետք է «ռուսներին» նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ»,— ընդգծել է Զելենսկին։
Նա նաև հիշատակել է ԱՄՆ-ի նախկին աջակցության փորձը՝ ընդգծելով, որ Ուկրաինային զինելու վերաբերյալ Վաշինգտոնի որոշումները նախկինում անհնար էին թվում, սակայն հետագայում իրականություն էին դառնում։
«Այն ամենի մասին, ինչ այսօր պաշտպանում է Ուկրաինան, մեզ սկզբում ասում էին. «Անհնար է», հետո՝ «Շատ դժվար է», հետո՝ «Ոչ այդքան արագ»։ Իսկ հետո Ամերիկան որոշում էր ընդունում։ Դա աշխատում էր։ Եվ Ամերիկայի ուժն անվերապահ էր։ Մենք չենք խնդրում մեր փոխարեն կռվել։ Տվեք Ուկրաինային ամեն ինչ, որպեսզի կանգնեցնի այս պատերազմը»,— նշել է Զելենսկին։





























