«Պրն նախագահ, ես չեմ կարող երախտագիտություն չհայտնել` այս համաժողովին մասնակցելու հնարավորության համար: Որպես վերջին շրջանի ներգաղթյալ` ես բառացիորեն ապրում եմ ամերիկյան երազանքով: Շնորհակալություն այն ամենի համար, ինչ արել եք հայերի համար: Սակայն իմ իսկական երազանքն այն է, որ մի գեղեցիկ օր Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ամերիկյան կառավարության կողմից»,- Քլինթոնի «Գլոբալ նախաձեռնությունների համալսարան» հինգերորդ ամենամյա ուսանողական համաժողովի ժամանակ, ձեռքը մեկնելով ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին, ասել է 21-ամյա հայ ուսանողուհի Նանոր Բալաբանյանը:
Ինչպես հաղորդում է «Asbarez»-ը, նա իր ընկերների` Աստղիկ Հակոբյանի, Ալեքսանդր Բասմաջյանի եւ Լիլիանա Կարդավուկյանի հետ եղել է այն փոքրաթիվ հայ ուսանողների թվում, ովքեր հրավիրվել են այդ միջոցառմանը:
Համաժողովին մասնակցել են ավելի քան 1000 ուսանողներ ամբողջ աշխարհից: Այն համարվում է հնարավորությունների ընդլայնման, կապերի հաստատման եւ պետական ծառայությանը մասնակցելու հարցում նրանց ոգեւորելու միջոց:




























